Կիրիլ Շևչենկոն շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը
2017-10-11Հանգստյան օրից հետո Ջերմուկում տեղի ունեցան Եվրոպայի պատանեկան «Գրան Պրի» մրցաշարի 7-րդ տուրի պարտիաները: Տուրում գրանցվեց 3 ոչ-ոքի արդյունք: Մրցաշարի միանձնյա առաջատար Կիրիլ Շևչենկոն տոնեց իր 6-րդ հաղթանակը. այս տուրում նրա մրցակիցն էր Արսենի Նեստերովը:
Արամ Հակոբյանը հաղթանակ տոնեց Թոր Ֆրեդրիկ Կաասենի նկատմամբ, իսկ Շանթ Սարգսյանը ոչ-ոքի խաղաց Վյաչեսլավ Զարուբիցկու հետ:
Արագ ոչ-ոքի արդյունք գրանցվեց Ռուսաստանի երկու ներկայացուցիչների՝ Կիրիլ Շուբինի և Սերգեյ Լոբանովի դիմակայությունում: Հաշտություն կնքվեց նաև Կաչարավա Նիկոլոզի Մամիկոն Ղարիբյան պարտիայում, իսկ Պուլտինյավիչիուս Պաուլիուսը հաղթեց Ստեֆան Պողոսյանին:
7-րդ տուրից հետո 6.5 միավորով աղյուսակը շարունակում է վստահորեն գլխավորել Ուկրաինան ներկայացնող Կիրիլ Շևչենկոն: Հայաստանի ներկայացուցիչ Արամ Հակոբյանը իր ակտիվում ունի 6 միավոր և գտնվում է 2-րդ հորիզոնականում: Մեր մյուս ներկայացուցիչը՝ Շանթ Սարգսյանը, 5.5 միավորով եզրափակում է լավագույն եռյակը: