Սմբատ Լպուտյանը միաժամանակյա խաղի սեանս անցկացրեց Կապանի և Ջերմուկի պատանի շախմատիստների հետ
2017-10-08Այսօր Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը Ջերմուկում միաժամանակյա խաղի սեանս անցկացրեց, որին մասնակցեցին Կապան և Ջերմուկ քաղաքների շնորհաշատ պատանի շախմատիստները: Մինչև սեանսի մեկնարկը միջազգային մրցավար Նորայր Քալանթարյանը պատանի շախմատիստներին նախ ներկայացրեց սեանսի կանոնները ապա նշեց, որ երեխաների համար մեծ փորձառություն է մրցել Օլիմպիական չեմպիոն, միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի հետ: Ընդհանուր առմամբ սեանսին մասնակցեցին 12 պատանի շախմատիստ: Սեանսն ավարտվեց 11:1 հաշվով: Կապանը ներկայացնող 13-ամյա Գագիկ Մանուչարյանը կարողացավ հաղթել գրոսմայստերին: Սեանսից հետո Սմբատ Լպուտյանը նշեց, որ որոշ մասնակիցներ շատ հաջող էին հանդես գալիս, հատկապես նա ընդգծեց 12-ամյա Ալեն Գևորգյանի, ինչպես նաև սեանսի ամենափոքր մասնակցի՝ 7-ամյա Անդրանիկ Թադևոսյանի խաղը: Վերը նշված երեք մասնակիցներին հանձնվեցին հուշանվերներ:
Սեանսը կազմակերպել էին Հայաստանի շախմատի ակադեմիան և Կապանի լեռնահարստացման կոմբինատը:
Ամբողջական ֆոտոշարքը դիտել այստեղ: