ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը հետևել է Եվրոպայի պատանեկան «Գրան Պրի» մրցաշարի 3-րդ տուրի պարտիաներին
2017-10-06ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հետևել է Ջերմուկում ընթացող Եվրոպայի պատանեկան «Գրան Պրի» մրցաշարի 3-րդ տուրի պարտիաների ընթացքին:
Եվրոպայի պատանեկան «Գրան Պրի» մրցաշարի 2-րդ փուլը անցկացնում է Հայաստանի շախմատի ակադեմիան, Շախմատի եվրոպական միության հետ համագործակցությամբ և Կապանի լեռնահարստացման կոմբինատի հովանավորությամբ: Հոկտեմբերի 3-16-ը անցկացվող մրցաշարին մասնակցում են շախմատում արդեն իսկ մեծ հաջողություններ գրանցած մինչև 16 տարեկան 12 պատանի շախմատիստներ արտերկրից և Հայաստանից: Նրանք են՝ ՄՎ Շևչենկո Կիրիլը /Ուկրաինա/, ՄՎ Հակոբյան Արամը /Հայաստան/, Լոբանով Սերգեյը /Ռուսաստան/, ՄՎ Սարգսյան Շանթը /Հայաստան/, ՖՎ Կաասեն Թոր Ֆրեդրիկը /Նորվեգիա/, ՄՎ Պուլտինյավիչիուս Պաուլիուսը /Լատվիա/, Նեստերով Արսենին /Ռուսաստան/, ՖՎ Մամիկոն Ղարիբյանը /Հայաստան/, ՖՎ Պողոսյան Ստեֆանը /Ռուսաստան/, ՖՎ Շուբին Կիրիլը /Ռուսաստան/, ՖՎ Զարուբիցկի Վյաչեսլավը /Բելառուս/ և ՖՎ Կաչառավա Նիկոլոզը /Վրաստան/։ Խաղերն ընթանում են հոկտեմբերի 4-15-ը Ջերմուկի «Ջերմուկ Աշխարհ» նորակառույց հյուրանոցային համալիրում։ Խաղերի ուղիղ հեռարձակումը հասանելի է յուրաքանչյուր օր, ժամը 15:00-ին, վերջին` 11-րդ տուրը` ժամը 11:00-ին մրցաշարի պաշտոնական կայքէջում:
Այսօր կայացած 3-րդ տուրի 6 պարտիաներից 5-ը ունեցան հաղթական ավարտ: Մրցաշարի առաջատարներից Կիրիլ Շևչենկոն տոնեց 3-րդ անընդմեջ հաղթանակը, իսկ մյուս առաջատար Մամիկոն Ղարիբյանը պարտվեց Շանթ Սարգսյանին: Տուրում հաղթանակներ տոնեցին նաև Արամ Հակոբյանը, Արսենի Նեստերովը և Սերգեյ Լոբանովը: Միակ ոչ-ոքին գրանցվեց Կիրիլ Շուբին-Վյաչեսլավ Զարուբիցկի պարտիայում:
3-րդ տուրից հետո աղյուսակն սկսեց միանձնյա գլխավորել Ուկրաինան ներկայացնող Կիրիլ Շևչենկոն: Հայաստանի ներկայացուցիչներ Արամ Հակոբյանը և Շանթ Սարգսյանը իրենց ակտիվում ունեն 2.5-ական միավոր և կիսում են 2-3-րդ հորիզոնականները: